Որքա՞ն են վաստակում սննդի առաքիչները Հայաստանում
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հարցում է անցկացրել 204 առաքիչների շրջանում՝ աշխատանքային ժամերի և աշխատավարձերի վերաբերյալ:
Հանգստյան օրերին կամ արձակուրդներին աշխատանքի դիմաց փոխհատուցման մասին հարցին գրեթե երկու երրորդը (63,7%) պատասխանել են, որ գործատուից այդպիսի փոխհատուցում չեն ստանում։ Միայն 22,9%-ն է դրական պատասխանել (որ փոխհատուցում ստանում է): 15.7%- ը նշել է, որ բժշկական ապահովագրություն ունեն, և միայն 31.4%-ն է նշել, որ գործատուն իրենց աշխատանքային հատուկ հագուստ է տրամադրում (սաղավարտ, բաճկոն և այլն):
Այնուամենայնիվ, հարցվածների մեծամասնությունը (60,3%) մշտական աշխատանքային պայմանագրեր ունեն, իսկ ևս 3,9%-ը՝ կարճաժամկետ (մի քանի ամսով):
Անցկացրած հարցման համաձայն՝ միայն 5,5%-ն է ասել, որ ստացել է նվազագույն աշխատավարձից ցածր (75 հազար դրամ կամ 195 դոլարից պակաս): 22,5%-ն ասել է, որ ստանում է 75-ից 150 հազար (մոտ 390 դոլար): Մոտ 41%-ը պատասխանել է, որ ստանում է 150-ից 350 հազար դրամ (905 դոլար)։ Մոտ 17%-ը նշել է, որ գումարները տատանվել են 350-ից 500 հազար (1290 դոլար), մոտ 7%-ը՝ 500-750 հազար (1940 դոլար), իսկ 1,5%-ը նշել է, որ ստացել է 750 հազարից մինչև 1 մլն դրամ (2580 դոլար): Հարցվածների 5,8%-ը հրաժարվել է պատասխանել։ Ընդ որում, խոսքը ոչ թե պաշտոնական աշխատավարձի, այլ հարկերից հետո փաստացի եկամուտների մասին էր։