
Լավրովը պնդում է՝ Հայաստանը 2022-ին հրաժարվել է ՀԱՊԿ օգնությունից, Միրզոյանը հակադարձում է
2025 թվականի մայիսի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ՀԱՊԿ-ը «անմիջապես արձագանքել են» Ադրբեջանի՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ մասնավորապես՝ Ջերմուկի վրա հարձակմանը։ Իսկ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հակադարձեց՝ նշելով, որ կողմերի մեկնաբանությունները այս հարցում տարբերվում են։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի արձագանքը լիովին համապատասխանել է ՀԱՊԿ շրջանակում ունեցած պայմանագրային պարտավորություններին։ Նա շեշտեց, որ ՀԱՊԿ փաստահավաք առաքելությունը ժամանել էր Հայաստան՝ ներկայացնելով օպերատիվ զեկույց՝ կոնկրետ առաջարկներով, ներառյալ՝ իրավիճակի կայունացման նպատակով դիտորդական առաքելության տեղակայման առաջարկը Ջերմուկում։ Սակայն, ըստ նրա, ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մասնակցությամբ նախապես համաձայնեցված փաստաթղթի ստորագրումը հետաձգվել է հենց հայկական կողմի նախաձեռնությամբ։ Լավրովը նաև նշեց, որ ՀԱՊԿ արձագանքից հետո Հայաստանի որոշումը՝ սատարել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը, ինչպես նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ընդունելու վերաբերյալ Պրահայի համաձայնությունները, Մոսկվայի համար անակնկալ են եղել։
Ես չեմ կարող անմասն մնալ այս չափազանց կարևոր խոսակցությունից։ Սա հենց այն դեպքերից է, երբ մենք՝ երկու երկրներս, բազմաթիվ հարցերում ունենալով փոխըմբռնում և միասնական ընկալում ու մեկնաբանություն, միաժամանակ ունենք հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները։ Ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է, և այդ իրադարձությունն անկյունաքարային է եղել հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում, հետևաբար ես էլ կուզեի կրկին առիթից օգտվել և ներկայացնել Հայաստանի ընկալումներն ու Հայաստանի դիրքորոշումը։ Ես շատ լավ հիշում եմ այդ իրադարձությունները, անձամբ մաս եմ եղել այդ իրադարձությունների։ Ռուսական կողմը 2022 թվականի օգոստոսին հերթական անգամ միջնորդական առաջարկ ներկայացրեց Հայաստանին և Ադրբեջանին՝ վստահաբար բարի մտադրությունից ելնելով։ Հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկներին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Արդեն օգոստոսի վերջին մենք հասկացանք, որ չկա միասնական դրական որոշում, իսկ սեպտեմբերի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ և Հայաստանի տարածքային ամբողջականության, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը։ Իհարկե, մենք այս մասին տեղյակ պահեցինք Ռուսաստանին՝ որպես երկկողմ դաշնակից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում մեր ռազմական դաշնակիցներին։ Գործողությունները, որոնք դրան հետևեցին, գոհացուցիչ չէին Հայաստանի համար, իսկ արդեն հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 1991 դեկտեմբերից գործող և ստորագրված ընդհանուր ընկալումն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով Լավրովին, ընդգծեց, որ չնայած կողմերը բազմաթիվ հարցերում ունեն փոխըմբռնում, Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հարցում նրանց մեկնաբանությունները տարբերվում են։ Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմը դեռևս օգոստոսին համաձայնել էր Ռուսաստանի միջնորդական առաջարկին, մինչդեռ Ադրբեջանը դրական արձագանք չէր տվել։ Արդյունքում սեպտեմբերին սկսվեց ռազմական հարձակում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, ինչը, ըստ Միրզոյանի, «անկյունաքարային» էր հետագա զարգացումների և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման համատեքստում։
Հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։ Հայաստանը չի վիճարկում այս մոտեցումը
Միրզոյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս դիմել է ՀԱՊԿ-ին որպես դաշնակից, սակայն հետևած արձագանքը «գոհացուցիչ չի եղել»։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի մասին՝ Միրզոյանը հաստատեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ակնկալում է նույնը Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի տարածքի հանդեպ։