
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը
Երևանի Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ թաղապետ է նշանակվել Մարատ Սևոյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Նոր Նորքի թաղապետի տեղակալի պաշտոնը։ Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ Սևոյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, ինչպես և իր նախորդը՝ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վերջինս մայիսի 19-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից մոտ երեք շաբաթ անց։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորքի վարչական շենքում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նախկին թաղապետ Տեր-Մարգարյանը և մի քանի աշխատակիցներ ծեծի էին ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Վերջինս, վնասվածքներ ստանալով, սկզբում տեղափոխվել էր ոստիկանության բաժանմունք, ապա՝ հիվանդանոց, այնուհետև ազատ էր արձակվել։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։ Ըստ նախաքննության տվյալների՝ Տեր-Մարգարյանն ու երեք աշխատակից անցնում են ֆիզիկական բռնության հոդվածով, իսկ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ խուլիգանության հոդվածով։