
Ի՞նչ է սպասվում ՀԷՑ-ին. պետական կառավարում թե միջազգային վերահսկողություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքում՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) կառավարումը հնարավոր է վստահվի օտարերկրյա պետության կամ այդ պետության տարածքում գործող միջազգային ընկերության։ Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ արդեն իսկ մի շարք բարեկամ երկրներում գործող առաջատար ընկերություններին ուղերձ է հղվել՝ գործակցության պատրաստակամության մասին։
Մինչդեռ վարչապետը նշեց, որ բացառվում է ՀԷՑ-ի կառավարումը վստահել այն պետություններին, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ։ Այսպիսով, ըստ նրա, խոսք չի կարող լինել թուրքական որևէ ընկերության ներգրավման մասին՝ հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի բացակայությունը և փակ սահմանները։
Վարչապետն անդրադարձավ նաև վերջին շաբաթների հոսանքազրկումներին՝ նշելով, որ իր գնահատմամբ՝ դրանք կարող են լինել համակարգային բնույթ կրող ու նույնիսկ՝ կանխամտածված։ Փաշինյանը հավելեց, որ պետք է իրականացվի մանրակրկիտ հետաքննություն՝ իրական պատճառները պարզելու համար։
Փաշինյանը նաև շեշտեց, որ այս փուլում պետությունը դեռևս չի ստանձնել ՀԷՑ-ի կառավարումը։ Ըստ նրա՝ միայն այն պահից, երբ նշանակվի ժամանակավոր կառավարիչ, հնարավոր կլինի օբյեկտիվորեն ուսումնասիրել իրավիճակը և գնահատել տեղի ունեցող գործընթացները։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Ազգային ժողովը ընդունեց օրենքների փաթեթ, որը հնարավորություն է տալիս ՀԷՑ-ը վերադարձնել պետական վերահսկողության տակ։ Օրենքը հուլիսի 8-ին արդեն ստորագրել է ՀՀ նախագահը։ Այս փոփոխությունների նպատակը, ըստ գործող իշխանության էներգետիկ անվտանգության և հանրային շահի պահպանումն է։