
Ծառուկյանն ընդդեմ Բաբայանի. թիմակիցների միջև վեճը հասել է դատարան
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Աբովյանի համայնքապետարանին՝ պահանջելով անվավեր ճանաչել իր իսկ թիմակցի՝ համայնքապետ Էդուարդ Բաբայանի որոշումը։ Գործը արդեն մուտք է գործել Վարչական դատարան։ Այն մակագրվել է դատավոր Անի Չիլինգարյանին։
Մայիսի 27-ին Աբովյան համայնքի ղեկավարը որոշել է վարչական պատասխանատվության ենթարկել Գագիկ Ծառուկյանին՝ սեփական հողատարածքի ոչ նպատակային օգտագործման և առանց թույլտվության շինարարություն կատարելու համար։ Դրա արդյունքում Ծառուկյանին նշանակվել է երկու տուգանք՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամի չափով։ Ընդհանուր գումարը կազմում է 200 հազար դրամ։
Ծառուկյանը, սակայն, որոշումը անարդար է համարում ու դիմել է դատարան՝ պահանջելով այն չեղարկել։
Վիճահարույց կողմերը պատահական մարդիկ չեն։ Էդուարդ Բաբայանը տարիներ շարունակ եղել է Ծառուկյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը։ Նա նախկինում ղեկավարել է Ծառուկյանի թիկնազորը, իսկ ավելի ուշ դարձել է պատգամավոր ԲՀԿ ցուցակով։ 2021-ից ի վեր՝ Աբովյանի համայնքապետն է՝ ընտրված կրկին Ծառուկյանի քաղաքական հովանու ներքո։
Այս գործը յուրատեսակ նախադեպ է, երբ երկարամյա գործնական կապ ունեցող երկու անձ բախվում են իրավական հարթակում։ Թե որքանով է այս վեճը միայն հողամասի տուգանքի շուրջ, և որքանով՝ ներքաղաքական գործընթացների, դեռ պարզ չէ։