ՀայաստանՔաղաքականություն

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքն իրավաչափ է՝ պնդում է Գլխավոր դատախազությունը

Սամվել Կարապետյանի կալանքը մնում է իրավաչափ. նման պարզաբանում է տվել Գլխավոր դատախազությունը՝ արձագանքելով Վերաքննիչ դատարանի՝ նրա ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշմանը։ Դատախազության փոխանցմամբ՝ վերջինը չի վերաբերում կալանքի կիրառման իրավաչափությանը. Սամվել Կարապետյանը մեկ ձերբակալումից ազատվել է, սակայն կալանք է կիրառվել այլ հիմքով, և դատարաններն այդ որոշումը հաստատել են։ Բացի այդ՝ նշվում է, որ Գլխավոր դատախազությունը դատական ակտը ստանալուց հետո մտադիր է վճռաբեկ բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի 2025 թվականի հունիսի 18-ի ձերբակալումը ոչ իրավաչափ է համարել։ Փաստաբան Լիաննա Գասպարյանի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Սամվել Կարապետյանը ապօրինաբար, շուրջ 9 ժամ և ավել, ազատությունից զրկված է եղել։ Այսինքն՝ ձերբակալման հիմքերը և ընթացակարգերը խախտված են եղել։

Սամվել Կարապետյանի և իշխանությունների հարաբերությունները լարվեցին հունիսի 17-ին նրա հայտարարությունից հետո, որտեղ նա քննադատեց իշխանություններին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսված արշավի կապակցությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը կոշտ էր, որից հետո իրավապահները սկսեցին հատուկ գործողություններ Կարապետյանի առանձնատանը։