
«Սև Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը կմնա տնային կալանքի տակ
«Սև Հովազ» ռազմահեղափոխական կոմիտեի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը դատարանը փոխարինել է տնային կալանքով։ Տեղեկությունը հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ դատավոր Գագիկ Հարությունյանի կայացրած որոշումը կարելի է դիտարկել որպես «արդարադատության օրինակելի դրսևորում»։
Գասպարյանը շուրջ մեկ տարի գտնվում էր կալանքի տակ։ Նրա պաշտպանական թիմը բազմիցս հայտարարել էր, որ հրամանատարի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և դարձել անհամատեղելի կալանքի հետ։ Փաստաբանները պնդում էին, որ նա քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել առողջ, սակայն ներկայումս ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ։
Հիշեցնենք՝ 2024 թվականի սեպտեմբերին ՀՀ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով քրեական հետապնդում էր հարուցվել յոթ անձի նկատմամբ։ Նրանցից չորսը հետախուզման մեջ էին, երեքը՝ կալանավորված։ Կալանավորվածներից մեկն էլ Սերոբ Գասպարյանն էր։