ՀայաստանՔաղաքականություն

Վաղարշապատի ավագանու ընտրությունների գործով մեղադրյալների թիվը հասել է 23-ի

Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ քննության շրջանակում հանրային քրեական հետապնդում է սկսվել ևս 13 անձի նկատմամբ։ Տեղեկությունը Amnews-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քննչական մարմնի փոխանցմամբ՝ նոր մեղադրյալները կասկածվում են 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայացած ընտրությունների ժամանակ «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու, ինչպես նաև կազմակերպված ձևով ընտրակաշառք տալու գործընթացին աջակցելու մեջ։

Նախաքննությունը վերաբերում է Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ընտրություններին։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025 թվականի դեկտեմբերին։ Ներկայումս գործով մեղադրյալների ընդհանուր թիվը կազմում է 23 մարդ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով անցկացված ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակաշառքի դեպքերի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը։ Ձերբակալվել էին նաև «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը և կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Քոչարյանը։