Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի ԱԳ նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։
ԱԳՆ հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և վերջին օրերի զարգացումները։
Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։

