Մեղադրանք՝ գումարի շորթման և սուտ ցուցմունք կորզելու համար
Քննչական կոմիտեում քննվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Մ.-ի կողմից քաղաքացուց խոշոր չափերի անօրինական օգուտ պահանջելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Մ.-ն քաղաքացուց պահանջել է 250 հազար ԱՄՆ դոլար գումար։
Միաժամանակ բացահայտվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Հ.-ն իր ընկեր Ա.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում փորձել է միջամտել մեկ այլ քրեական գործի քննությանը։ Մասնավորապես՝ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնասվածքներ ստացած և բժշկական կենտրոնում բուժում ստացող Ռ.Գ.-ին նրանք հոգեբանական ճնշման միջոցով հարկադրել են սուտ ցուցմունք տալ։
Ըստ նախաքննության տվյալների՝ Ս.Հ.-ն և Ա.Հ.-ն պահանջել են, որպեսզի Ռ.Գ.-ն նախաքննություն իրականացնող մարմնին չհայտնի դեպքի իրական հանգամանքները և մասնակիցների մասին տվյալները։ Բացի այդ՝ նրան առաջարկվել է ներկայացնել մտացածին տվյալներ և հայտնել, թե իրենց կողմից նշված անձինք որևէ առնչություն չունեն տեղի ունեցած վիճաբանությանը՝ այդ կերպ քննությունը շեղելու նպատակով։
Քրեական վարույթի շրջանակում Գ.Մ.-ի և Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

