Արշակ արքեպիսկոպոսը կալանավորվեց երկու ամսով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դեկտմբերի 5-ին մեկնարկել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվեց: Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը:
Վերջինս նախկինում ևս մի շարք աղմկահարույց գործերով կալանքի որոշումներ է կայացրել։ Նրա «մուրճի տակով» են անցել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, «Անտիֆեյք»-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, Լևոն Քոչարյանը, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և այլք։
Արշակ սրբազանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր ԱԱԾ-ի կողմից՝ Քննչական կոմիտեի շենքում։ Քննչական մարմնի տեղեկացմամբ՝ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանդիսադիր վայրում թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով (ՔՕ 393-րդ հոդված)։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ իրականացված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ակցիայի մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց տեղադրելու մեջ։ Պաշտպան Արսեն Բաբայանի խոսքով՝ գործով որևէ ուղիղ ցուցմունք չկա. առանձին անձինք միայն կասկած են հայտնել, որ պայուսակում հայտնված թմրամիջոցը կարող էր տեղադրվել նրա կողմից։
Գործը քննվում է 2018 թվականից։ Վերջին նիստը կայացել է 2025-ի հուլիսին։ Յոթ տարի է քննությանը չի հաջողվել պարզել, թե ինչպես է թմրամիջոցն առհասարակ հայտնվել ուսապարկում,– ասել է պաշտպանը՝ մեղադրանքը գնահատելով «անհեթեթ», իսկ գործընթացը՝ որպես «քաղաքական որոշում»։
Հարկ է նշել, որ եկեղեցի-իշխանություն առճակատումից հետո ճաղերի հետևում են արդեն 4 եկեղեցականներ՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը
