Ի՞նչ իրավիճակ է այս պահին Մայր Աթոռում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս պահին հավաքվել են թե՛ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի աջակիցները, թե՛ նրա հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները։ Տարածքը վերահսկվում է մեծ թվով ոստիկանների կողմից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 17:00-ին այստեղ նախատեսված է անցկացնել այն միասնական ժամերգությունը, որը նախկինում պետք է իրականացվեր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հավատացյալները հավաքվել են Մայր տաճարի մուտքի մոտ և սպասում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Հոգևորականների ուղեկցությամբ նա պետք է մասնակցի ժամերգությանը։ Հավատացյալները «Սրբազան, սրբազան, վեհափառ» վանկարկումներին հակադրվում է հակառակ թևի՝ «հեռացիր» կոչերը։
Հավատացյալներն ու եպիսկոպոսները վանկարկում են. աջակիցները կոչ են անում «Սրբազան», «Վեհափառ», իսկ հրաժարականը պահանջողները՝ «Հեռացիր»: Կաթողիկոսի աջակիցների շարքում են նաև Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը։
Մայր Աթոռի տարածքում կենտրոնացված են մեծ թվով ոստիկաններ՝ իրավիճակը վերահսկելու և հնարավոր բախումները կանխելու նպատակով: ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում ոստիկաններն ուժ կկիրառեն սադրիչ գործողություններ իրականացնող անձանց հանդեպ:
Լրագրողների հետ զրույցում Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանն ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետը մնալու է Ամենայն Հայոց կաթողիկոս մինչև իր կյանքի վերջը:
Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ աջակցում է 10 եպիսկոպոսների գործողություններին, բայց բացառում է հնարավոր բախումները, քանի որ իրավապահ մարմինները պատրաստ են զերծ պահել իրավիճակը սադրիչներից:
Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր Աթոռը զավթած աղանդավոր խմբերից, – շեշտել է վարչապետը այսօր լրագրողներին տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում տեղի ունեցած պատարագի ժամանակ հավատացյալներից մեկը հնչեցրել էր կաթողիկոսի անունը, և նրան ուժայինները դուրս էին հանել եկեղեցուց։ Միևնույն ժամանակ «Կտրիճ Ներսիսյան» գոռացող երիտասարդը վրիպեց իրավապահների տեսադաշտից։
