ՀայաստանՍպորտ

Ալեքսանդր Պետրակովի կատարած աշխատանքը թվերով․ մտահոգիչ արդյունքներ

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի D խմբի արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ (2։2)։ 

Հետխաղային մամուլի ասուլիսին ուկրաինացի մասնագետը նշեց, որ նյարդային հանդիպում էր, և չի ցանկանում որևէ ֆուտբոլիստի սխալի մասին նշել։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած ընտրանին 3 խաղերից հետո ունի 4 միավոր ու երրորդ հորիզոնականում է։ Առաջատարը Հյուսիսայի Մակեդոնիայի ընտրանին է, որի դեմ հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը տանը կմրցի։ 

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականի արդյունքները տպավորիչ չեն։ Ուկրաինացի մասնագետը 2023 թվականի հունվարին՝ Եվրոպայի 2024 թվականի ընտրական մրցաշարից առաջ, գլխավորեց ընտրանին։ ՀՖՖ-ն հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի նպատակը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալն էր։ 

Իր առաջին ընտրական մրցաշարում 67-ամյա մասնագետը չկարողացավ իր սաների հետ իրագործել ՀՖՖ-ի նպատակը։ Եթե դիտարկենք մարզչի կատարած աշխատանքը վիճակագրությամբ, ապա կտեսնենք հետևյալը․

Հայաստանի հավաքականի ղեկին Պետրակովը 17 հանդիպում է անցկացրել, որից հաղթանակով է ավարտել 4 հանդիպում։ Հաղթանակներից մեկը ընկերական հանդիպման շրջանակներում էր Ղազախստանի դեմ (2։1)։ Իր գլխավորությամբ հավաքականը 4 հանդիպում ոչ-ոքիով է ավարտել, որից մեկը ևս ընկերական խաղի շրջանակում էր Կիպրոսի դեմ (2:2): Մնացած 9 հանդիպումներն ավարտվել են պարտությամբ։

Հավաքականը 17 խաղում խփել է 22 գոլ և սեփական դարպասն ընդունել 25-ը։ Հատկանշական է, որ Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին բոլոր խաղերում նվազագույնը մեկ գնդակ բաց է թողնում։ 

Ազգերի լիգայի ընտրական փուլի ավարտին մնացել է 3 հանդիպում։ Վճռորոշ հանդիպումը Հյուսիային Մակեդոնիայի դեմ Երևանում սպասվող հանդիպումն է, որտեղ միավորի կորուստը պայքարից կարող է դուրս թողնել Հայաստանի հավաքականին։