
Հայաստանում աշխատավարձը բարձրանում է, սակայն դրա ազդեցությունը մարդիկ չեն տեսնում
Հայաստանում աշխատավարձերը աճում են, բայց դրանց ազդեցությունը շատերը չեն զգում։ Գնաճն ու պարտադիր վճարները կուլ են տալիս այդ աճը։ Իսկ աշխատավարձը, որը չի բարելավում մարդկանց կյանքը, չի դառնում մոտիվացիա․ մարդիկ սկսում են նոր աշխատանք փնտրել։ Հայաստանում միջին աշխատավարձը տարեսկզբին հասել է մոտ 280 հազար դրամի։ Պաշտոնական տվյալներով՝ սա մոտ 4% աճ է 2024-ի համեմատ։ Բայց հարցն այն է՝ արդյո՞ք այդ աճը մարդիկ իրենց գրպանում զգում են։
Պետական հատվածում աշխատավարձերը բարձրացել են մոտ 5%-ով, մասնավորում՝ մոտ 3,5%-ով։ Թվերով ամեն ինչ գեղեցիկ է, բայց իրական կյանքում պատկերը նույնը չէ։
Սուսան Մարկոսյանը հաշվապահ է հաղորդակցության ոլորտում։ Նա պատմում է, որ անցած տարի իր աշխատավարձը բարձրացել է 11%-ով։ Թվերով դա մեծ փոփոխություն է, բայց երբ հաշվում է պարտադիր վճարները՝ եկամտահարկ, դրոշմանիշային հարկ, արհմիության անդամավճար, իրականում աճը 7% է դառնում։ Սուսաննան հիշեցնում է՝ վերջին շրջանում թանկացել է տրանսպորտը, աղբահանության ծառայությունները, առողջապահական պարտադիր ապահովագրությունը։
Անցյալում նույնիսկ 5% բարձրացումն ինձ թույլ էր տալիս ավելի մեծ քայլեր անել․ նոր բնակարան վարձել, կենցաղային տեխնիկա գնել։ Իսկ հիմա 11%-ը ոչինչ չի փոխել։ Թանկացումները կուլ են տալիս այդ ավելացումը: Միայնակ եմ ապրում, հաճախ դրսում եմ սնվում։ Կարող եմ ասել, որ սննդի գները տարվա մեջ 30%-ով աճել են։ Արդյունքում ստիպված սահմանափակում եմ իմ կարիքները,– ասում է նա։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար–օգոստոսին Հայաստանում գնաճը կազմել է 3.2%։ Բայց ամենակարևոր ապրանքներն են թանկացել։ Այս թվերը նշանակում են, որ մարդիկ ստիպված են ավելի մեծ գումար վճարել ամենօրյա անհրաժեշտության համար։
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս՝ աշխատավարձերն ու գները բարձրանում են համամասնորեն։ Սա կոչվում է աշխատավարձի ինդեքսացիա։ Նրա խոսքով՝ պաշտոնյաները հաճախ խոսում են միայն աշխատավարձերի աճից, բայց չեն հիշատակում գնաճի մասին։ Թվում է, թե մարդկանց բարեկեցությունն աճում է, բայց իրականում փոփոխություն չկա։
Աշխատավարձերի բարձրացումը հիմնականում ուղղվում է սպասարկման ոլորտ՝ ռեստորաններ, գեղեցկության սրահներ, հյուրանոցներ։ Չնայած դրան՝ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը բավականին բարձր է։
Ըստ Numbeo պորտալի՝ Հայաստանում ապրելու համար ամսական անհրաժեշտ է միջինում 750 դոլար, մինչդեռ Ռուսաստանում՝ շուրջ 550, Վրաստանում՝ 565, Ադրբեջանում՝ 540 դոլար։ Այսպիսով, Հայաստանը, լինելով ցածր միջին եկամուտ ունեցող երկիր, ցուցաբերում է բավական բարձր կենսապահովման արժեք, որը շատերի համար շարունակում է անհամաչափ մնալ եկամտի մակարդակին։
ԵՄ երկրների համեմատությունը ևս հետաքրքիր պատկեր է տալիս. Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է Բուլղարիայի միջինի մոտ 55%-ը՝ ամենացածրը ԵՄ-ում, իսկ Լյուքսեմբուրգի միջին աշխատավարձից՝ գրեթե տասնմեկ անգամ պակաս։
Հայաստանում միջին աշխատավարձի աճը չնայած շարունակական է, սակայն այն չի համընկնում կյանքի արժեքի աճի տեմպերին։ Բնակչության մեծ մասը շարունակում է բախվել եկամտի և ծախսերի անհավասարակշռությանը, ինչն ուղիղ ազդում է կյանքի որակի վրա։