«Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցների վերաբերյալ որոշում է կայացվել. ի՞նչ է հայտնի

Երևանի «Ռոսիա» տոնավաճառի առևտրականները առաջիկա ամիսներին կշարունակեն գործունեությունը իրենց գործող տաղավարներում։ Այս մասին տեղեկություն է փոխանցել տոնավաճառի աշխատակիցներից մեկը։ Նա նշել է նաև, որ ղեկավարությունը իրենց հայտնել է, որ աշխատանքը նույն վայրում հնարավոր կլինի շարունակել ևս մոտ 4–5 ամիս։

Նրա խոսքով՝ տոնավաճառը ներկայումս գործում է սովորական ռեժիմով, սակայն նախատեսվում է տարածքի վերանորոգում, որից հետո այն կգործի արդեն մոլային ձևաչափով։ Աշխատակիցներին նաև վստահեցրել են, որ վերակառուցումից հետո իրենք հնարավորություն կունենան նոր տարածքում կրկին տաղավարներ ստանալու և նախապատվությունը իրենց կտրվի այդ հարցում։

Օրեր առաջ վաճառականները բողոքի ակցիա էին անցկացրել։ Նրանք պահանջում էին, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին տրվեն իրենց և ժամանակ տրամադրվի, որպեսզի հասցնեն վաճառել ներկրած ապրանքները։

Վերանորոգումից հետո նույն տարածքում գործունեությունը շարունակելու համար առևտրականները պետք է գործեն արդեն խանութային սկզբունքով և նախապես ընտրեն իրենց առևտրի կետերի անվանումները։

«Ռոսիա» տոնավաճառը պատկանում է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։