Երևանի փոսերի «մեղավորները» փոխվում են․ Ավինյանը ներկայացրեց նոր պատճառներ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է, թե ինչ գործոններով են պայմանավորված ձնամաքրման աշխատանքներից հետո մայրաքաղաքի փողոցներում առաջացած փոսերը։
Քաղաքապետի խոսքով՝ խնդիրներն առավելապես արձանագրվել են այն հատվածներում, որտեղ նախկինում իրականացվել են կոյուղու և ջրագծերի անցկացման աշխատանքներ, այսինքն՝ ասֆալտածածկի նկատմամբ արդեն եղել է միջամտություն։ Նրա խոսքով՝ փոսեր են գոյացել նաև այն փողոցներում, որտեղ երկար ժամանակ հիմնանորոգում կամ միջին նորոգում չի կատարվել։
Ավինյանը միաժամանակ ընդգծել է, որ վնասվածքների մի մասը կապված է նաև ձնամաքրման ընթացքում օգտագործված աղի մեծ քանակի հետ։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա համեմատ այս ձմռանը դեկտեմբերից մինչև հունվար ընկած ժամանակահատվածում կիրառվել է ռեկորդային ծավալի աղ։
Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր, որ փողոցներում կուտակված աղը պետք է հնարավորինս արագ հեռացվի, որպեսզի հնարավոր լինի անցնել փոսալցման լայնածավալ աշխատանքների։

