Ազգային ժողովը ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները բարելավող փոփոխություններ

Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Նոր կարգավորումները միտված են բարելավել աջակցող միջոցների տրամադրման գործընթացը և հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ծառայությունների մատուցումը։

Փոփոխությունների արդյունքում պետության հետ համատեղ աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման գործընթացում կարող են ներգրավվել նաև ոչ պետական կազմակերպություններ։

Հստակեցվում է նաև «ապահովված անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը և սահմանվում միասնական կանոններ։

Անձնական օգնականի ծառայությունների մատուցման գործընթացը դառնում է եռակողմ՝ մեկ պայմանագրի միջոցով։

Ֆունկցիոնալության գնահատում անցած անձինք կրկնակի գնահատման չեն ենթարկվի. փոփոխությունները կիրականացվեն միայն Ծառայությունների անհատական ծրագրում։

Մարինա Գրիգորյան