Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը մոտ է իրականացմանը
Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային բոլոր փորձաքննությունները ավարտվել են։ Այս մասին փետրվարի 20-ին կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Փամբուխչյանի խոսքով՝ ներկայումս մրցութային գործընթացն արդեն կարող է սկսվել, և շինարարության մրցույթը նախատեսվում է հայտարարել կամ այս տարվա ավարտին, կամ գալիք տարում։
«Եթե ոչ այս տարի, մյուս տարվանից կսկսենք արդեն շինարարության մրցույթը։ Այդ փորձաքննությունը բավականին ձգձգվել էր, բայց այժմ մենք ունենք այդ արդյունքները, ինչը մեզ թույլ է տալիս գնալ մրցութային ճանապարհով»,-մանրամասնեց նա։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի տվյալներով՝ կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի մոտ 250 միլիոն դոլարի ֆինանսական միջոցներ։

