Հայաստանը միջազգային թերթի համարում է
Իտալական հեղինակավոր պարբերականում՝ La Stampa-ում, հրապարակվել է հոդված՝ նվիրված Հայաստանին։
Այն լույս է տեսել Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից իտալացի լրագրողների համար կազմակերպված ճանաչողական այցի արդյունքում։
Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանի ամենազարմանալի առանձնահատկությունը ոչ թե առանձին հուշարձան կամ տեսարան է, այլ այն, թե որքան արագ է փոխվում միջավայրը՝ մի քանի րոպեում քաղաքային աղմուկից փոխվելով ստվերոտ կիրճերի, ժայռափոր վանքերի։
Ճանապարհորդությունը շարունակվում է դեպի առողջարանային քաղաքներ, որոնք, ըստ հոդվածի, ասես դուրս եկած լինեն ռուսական վեպերից։ Հայաստանը ներկայացվում է որպես երկիր, որտեղ յուրաքանչյուր կանգառ պահանջում է մի քանի ժամ ճանապարհ, սակայն յուրաքանչյուր նոր տեսարան արմատապես տարբերվում է նախորդից։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Վայոց ձորի մարզին։ Հոդվածում նկարագրվում է Նորավանք վանական համալիրը՝ մեղրագույն շինություններով, որոնք կարծես ձուլված լինեն շրջապատող ժայռերին։
Ճանապարհորդությունն ավարտվում է Սյունիքում՝ դեպի Տաթևի վանք տանող ոլորապտույտ ճանապարհով և աշխարհի ամենաերկար ճոպանուղիներից մեկով։
Հոդվածը նաև շեշտում է հայկական խոհանոցի կարևորությունը, մասնավորապես՝ ավանդական լավաշը։
Ըստ հեղինակների՝ յուրաքանչյուր ճանապարհորդություն դեպի Հայաստան առաջարկում է յուրահատուկ փորձառություն և հիշարժան տեսարանների հաջորդականություն՝ մի երկրում, որը փոքր է քարտեզի վրա, բայց անսահման է իր տպավորություններով։

