Մարտի 1-ից 18 տարի անց

2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքեցին հազարավոր քաղաքացիներ։

Նրանց խաղաղ հավաքը Մարտի 1-ի առավոտյան ընդհատվեց ոստիկանության հարձակմամբ։ Ոստիկանությունը հայտարարեց, թե ստացել է տեղեկություն հրապարակում զենք-զինամթերքի առկայության մասին և զանգվածային անկարգություններ կազմակերպելու հնարավորության մասին։

Ազատության հրապարակում կիրառվեցին մահակներ և էլեկտրաշոկեր։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի՝ այդ պահին հրապարակում խաղաղ գիշերել էին շուրջ 4000 քաղաքացիներ։ 

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդարտության կոչ արեց, սակայն ուժայինների կողմից հարկադրաբար իջեցվեց հարթակից։ 

Քաղաքացիները շարժվում էին քաղաքի տարբեր ուղղություններով՝ ոստիկանների կողմից հետապնդվելով և ծեծվելով։ Ի վերջո նրանք հավաքվում են Մյասնիկյանի արձանի մոտ՝ Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իտալիայի դեսպանատների մերձակայքում։

Այդ ընթացքում հեռուստատեսությամբ ցուցադրվում են հայտնաբերված ռազմամթերքի կադրեր։ Տեր-Պետրոսյանն ասում է, որ սեփական աչքով տեսել է, թե ինչպես են ոստիկանները դրանք տեղավորում հրապարակում։ Քաղաքապետարանի հարևանությամբ ոստիկանությունը փորձում է կանխել նոր հավաքները, և բռնությունները շարունակվում են։ Ժամը 22։30-ին այն ժամանակվանախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրության մասին, որը սահմանվեց մեկ ամիս ժամկետով։

Մարտի 2-ին՝ ժամը 2։45-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց ցուցարարներին հեռանալ դեսպանատների հարակից տարածքից։ Ժամը 3։00-ին հրապարակը դատարկվեց։ Իրադարձությունների արդյունքում զոհվեց 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ, հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Մարինա Գրիգորյան