ԱՄԷ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներին առաջարկվում է մեկնել Օմանի տարածքով

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնք չեղարկված թռիչքների պատճառով չեն կարողանում վերադառնալ Հայաստան, ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է այլընտրանքային տարբերակ։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում՝ հնարավորության դեպքում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում կազմակերպելու ուղղությամբ։ Այն քաղաքացիները, որոնք կամավոր հիմունքներով պատրաստ են Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել համապատասխան հայտը։

Նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը հնարավորության սահմաններում կաջակցի նաև ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։

Թռիչքի կազմակերպման դեպքում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։

Ավելի վաղ հաղորդվել էր Արաբական Միացյալ Էմիրություններից և Կատարից դեպի Հայաստան նախատեսված չվերթերի չեղարկման մասին։