Արցախում պայթյունի հետևանքով կորած մարդիկ կհամարվեն անհետ կորած
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց ընտանիքները կստանան նույն աջակցությունը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների հարազատները։
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փոփոխության փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարի խոսքով՝ «անհետ կորած անձ» հասկացությունը ներառում է նաև այն անձանց, որոնք զոհվել կամ անհետ կորել են խաղաղ պայմաններում, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում կամ դրանց հաջորդող վեց ամսվա ընթացքում՝ անգամ եթե անմիջական մասնակցություն չեն ունեցել ռազմական գործողություններին։
Նախարարի գնահատմամբ՝ մինչ այժմ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհետ կորած անձանց վերաբերյալ համապարփակ օրենսդրություն չի եղել։
Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է հստակ սահմանել, թե ով է համարվում անհետ կորած անձ, ամրագրել անհետ կորածների և նրանց ընտանիքների անդամների իրավունքները, սահմանել հետախուզման դիմում ներկայացնելու և գործընթացի կազմակերպման կարգը, ինչպես նաև հետախուզման դադարեցման հիմքերը։ Նախատեսվում է նաև լիազոր մարմնի կազմում ստեղծել անհետ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի կլինեն ընտանիքի անդամներին, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Օրենքով կսահմանվի նաև տրամադրվող սոցիալական աջակցությունների շրջանակը։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհի մերձակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 219 մարդ, 22-ը համարվում են անհետ կորած, շուրջ 300 մարդ վիրավորվել է։ Զոհվածների և անհետ կորածների հարազատները պահանջում են հստակ կարգավիճակ և սոցիալական երաշխիքներ։

