Թոշակները կբարձրանան․ ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի
Հայաստանի կառավարությունը մարտի 5-ի նիստում հաստատել է ապրիլի 1-ից կենսաթոշակների և մի շարք սոցիալական նպաստների չափերը բարձրացնելու մասին որոշումը։
Որոշման համաձայն՝ նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամից կբարձրանա մինչև 46 հազար դրամ, իսկ հիմնական կենսաթոշակի չափը՝ 24 հազարից կբարձրանա մինչև 34 հազար դրամ։ Կենսաթոշակի հաշվարկման սկզբունքը չի փոխվում․ թոշակի հիմնական չափին ավելացվում է աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար նախատեսված գումարը։ Սակայն երաշխավորվում է, որ նվազագույն կենսաթոշակը պետք է լինի 46 հազար դրամ։
Կբարձրանա նաև ծերության նպաստը, որը վճարվում է 63 տարին լրացած, սակայն կենսաթոշակ ստանալու համար բավարար աշխատանքային ստաժ չունեցող անձանց։ Այն նույնպես 36 հազար դրամից կդառնա 46 հազար դրամ։
Փոփոխություններ են նախատեսվում նաև զինվորական կենսաթոշակների հաշվարկման մեջ։ Հիմնական չափը 20 հազար դրամից կբարձրանա մինչև 21 հազար դրամ, իսկ ծառայության յուրաքանչյուր տարվա համար հավելավճարը 1 750 դրամից մինչև 2 000 դրամ։
Այս փոփոխությունների արդյունքում միջին աշխատանքային կենսաթոշակը 48 993 դրամից կբարձրանա մինչև 59 181 դրամ, իսկ միջին զինվորական կենսաթոշակը՝ 96 321 դրամից մինչև 104 852 դրամ։
Կբարձրանան նաև պարտադիր ժամկետային զինծառայողների շարքային կազմի հաշմանդամության զինվորական կենսաթոշակները։ Առաջին խմբի դեպքում այն 50 600 դրամից կդառնա 64 600 դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 41 400-ից 54 800 դրամ, իսկ երրորդ խմբի դեպքում՝ 38 հազարից 48 հազար դրամ։
Շարքային կազմի ժամկետային զինծառայողի զոհվելու դեպքում կերակրողին կորցնելու կենսաթոշակը 38 հազար դրամից կբարձրանա մինչև 48 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան երեխաների համար նախատեսված կենսաթոշակը՝ 120 հազարից մինչև 170 հազար դրամ։
Բարձրացվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները։ Առաջին խմբի դեպքում այն 39 հազար դրամից կդառնա 49 հազար դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 37,5 հազարից 47,5 հազար դրամ, իսկ երրորդ խմբի դեպքում՝ 36 հազարից 46 հազար դրամ։ Նույնքան՝ 39 հազարից մինչև 49 հազար դրամ, կբարձրանա նաև հաշմանդամություն ունեցող երեխաների նպաստը։
Կառավարության տվյալներով՝ կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար պետական բյուջեից լրացուցիչ կպահանջվի 78,7 միլիարդ դրամ։
Միաժամանակ կենսաթոշակառուները կարող են օգտվել նաև անկանխիկ գնումների դեպքում նախատեսված 20 տոկոս հետվճարի ծրագրից։

