ՀայաստանՍոցիալական

Այսօրվանից ավտոբուսներում հնարավոր է վճարում իրականացնել բանկային քարտերով

Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ այսօրվանից ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր կլինի վճարումներ իրականացնել Հայաստանի բանկերի թողարկած ֆիզիկական բանկային քարտերի միջոցով։

Մետրոպոլիտենում դեռևս հնարավոր չէ իրականացնել վճարումներն այդպես։ Սակայն, վստահեցնում են, որ շուտով այն կգործի նաև մետրոպոլիտենում։

Գրիգորյանը մանրամասնել է, որ վճարումներ իրականացնելիս բանկային քարտերից միջնորդավճար չի պահվելու։ Դրանք վճարելու է «Telcell» ընկերությունը։ Չնայած դրան՝ փոխքաղաքապետը հորդորել է դրա մասին տեղեկանալ իրենց բանկերից։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ դեռևս հնարավոր չէ NFC վճարային համակարգով (ApplePay, GooglePay) վճարումներ իրականացնել։ Այս հնարավորությունը ևս շուտով կգործի։

Խորհրդակցության ժամանակ Գրիգորյանը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին երթուղի դուրս կգան 15 նոր տրոլեյբուս։ Ամենաուշը հունվարի 1-ից երթուղի դուրս կգան նաև 8․6 մետրանոց 171 նոր ավտոբուսներ, որոնք արդեն Հայաստանում են։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանում կգործարկվի միասնական տոմսային համակարգ։ Ըստ ընդունված նախագծի՝ մեկ ուղևորության արժեքը կկազմի 300 դրամ։ Քաղաքապետարանը առաջարկում է նաև փաթեթներ․ մինչև 7 տարեկան երեխաները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ ունեցողները, հերոսները, 4 և ավելի երեխաներ ունեցողներն ու պետական խնամքի տակ գտնվողները հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար։ Մյուս դեպքերում գործելու է որոշակի զեղչային փաթեթ․ դպրոցականները ստանալու են 20 % զեղչ (քարտային տարբերակով ամսական ձեռք բերելու դեպքում՝ 7040 դրամ), թոշակառուները՝ 30 % (6160 դրամ), ուսանողները՝ 15 % (7480 դրամ), նպաստառուները՝ 20 % (7040 դրամ)։