Հայ-ֆրանսիական առևտրաշրջանառության անկումն ու զարգացումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարիերին։ Վարչապետերը ողջունել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը։ Ֆրանսիայի վարչապետը նաև հայտնել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։
Երկու երկրների վարչապետերը նշել են առևտրաշրջանառության կարևորությունն ու զարգացումը։ Այս համատեքստում կարելի է դիտարկել երկրների միջև վերջին 5 տարիների առևտրատնտեսական կապերը։
Ֆրանսիայից ներմուծումների գումարը 2018 թվականից մինչև 2023 թվականը աճել է 56 մլն դոլարով՝ հասնելով 166 մլն դոլարի։ 2018 թվականից մինչև 2022 թվականը ներմուծման գումարային ծավալը գրեթե նույնն է եղել՝ տատանվելով 110-ից 112 մլն դոլարի սահմաններում։ Ֆրանսիայից ներմուծման գումարի զգալի մասը, որքան էլ զարմանալի է, կազմել են ինքնաթիներն ու տիեզերանավերը։ Դրանց վրա կառավարությունը ծախսել է շուրջ 35 մլն դոլար։ Ներմուծվել են նաև դեղորայք, եթերային յուղեր, օծանելիք, միջուկային ռեակտորներ, մեքենաներ, լաքեր, ապակի, ապակյա իրեր, բժշկական ապարատներ։
Այլ պատկեր ենք տեսնում դեպի Ֆրանսիա արտահանման մեջ։ 2018 թվականից մինչև 2023 թվական արտահանման գումարային ծավալը 13․9 մլն դոլարից նվազել է՝ կազմելով շուրջ 6․3 մլն դոլար։ Ֆրանսիան Հայաստանից հիմնականում ներմուծում է ալյումին (ներմուծման գումարի ամենամեծ մասը՝ 1.06 մլն դոլար), ֆոտոխցիկներ, բժշկական ապարատեր, կաշվե իրեր, ամրագոտիներ, խմիչքներ, ոգելից խմիչքներ, մարգարիտներ, թանկարժեք քարեր։
Աղբյուր՝ Trading Economics: