Իսրայելը թիրախավորել է «Հեզբոլլահի» նոր առաջնորդին․ իրավիճակը Մերձավոր Արևելքում
Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, իսրայելական բանակը հարված է հասցրել այն տեղամասին, որտեղ «Հեզբոլլահի» նոր առաջնորդը հանդիպում է այլ բարձրաստիճան առաջնորդների հետ։
Ե՛վ Իսրայելից, և՛ «Հեզբոլլահից» պաշտոնական հայտարարություններ չկան, թե արդյոք Հաշեմ Սաֆիեդինը տուժել է հարվածի հետևանքով։
Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Բեյրութում գիշերը պայթյուններ են եղել, որոնց պատճառով զոհվել է 37 մարդ և վիրավորել 151-ը։ Առնվազն 9 մարդ է զոհվել Գազայի հատվածում տեղի ունեցած հարձակումների հետևանքով։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պատրաստվում է առաջնորդել Ուրբաթորյա աղոթքը, որը իսլամի կարևոր ծեսերից է։ Վերջին անգամ Խամենեին Ուրբաթօրյա աղոթք է կատարել 2020 թվականի հունվարին, երբ Իրանը հրթիռներ արձակեց Իրաքում ամերիկյան բանակի բազայի վրա՝ ի պատասխան այն հարվածի, որից սպանվեց Հեղափոխության պահապանների հրամանատար Ղասեմ Սոլեյմանին:
Իրանում այս արարողակարգը կատարվում է մզկիթներում: Ուրբաթօրյա այս աղոթքների քարոզների բաժնում հնչում են քաղաքական կարևոր հայտարարություններ։
Իսրայելի զինվորականներն էլ հրամայել են Լիբանանի հարավային 20 քաղաքների բնակիչներին անհապաղ տարհանվել՝ ազդարարելով ցամաքային հնարավոր ներխուժման մասին:
Լարվածության ֆոնին Իրանի արտգործնախարարը Աբբաս Արաղչին ժամանել է Լիբանան։ Նա հանդիպելու է Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ։
G7-ի առաջնորդները կոչ են անում զսպվածություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում․
Հարձակումների և պատասխան գործողությունների վտանգավոր ցիկլը կարող է առաջացնել Մերձավոր Արևելքում անվերահսկելի էսկալացիայի, որը ոչ ոքի ձեռնտու չէ: Ուստի մենք տարածաշրջանային բոլոր խաղացողներին կոչ ենք անում գործել պատասխանատու և զսպված։ Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին կառուցողականորեն ներգրավվել ներկայիս լարվածությունը թուլացնելու համար: Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի։