ՀայաստանՍոցիալական

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Այս մասին հայտում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով։ Առաջին փուլում ներառված են հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները։ Աշխատանքները կավարտվեն մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը։

Իսկ երկրորդ փուլում կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այդ թվում՝ վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը նախատեսվում է 2025թ. կեսից։

Հաղորդման մեջ նշվում է, որ աշխատանքների իրականացման համար պետության կողմից տրվող ֆինանսավորումը կազմում է շուրջ 743 մլն ՀՀ դրամ։

Նախարարությունը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:

Շուշան Ասրյան