Հայաստանն ու Վրաստանը կփոխանցեն արտաքսման ենթակա քաղաքացիներին
Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի վավերացման մասին օրինագծին։ Համաձայնագրի նպատակն է համատեղ պայքարել անօրինական միգրացիայի դեմ՝ հայտնաբերել և վերադարձնել ինչպես սեփական քաղաքացիներին, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք գտնվում են երկու պետությունների տարածքում։
Հայաստանի և Վրաստանի միջև հետընդունման (ռեադմիսիայի) հարցերը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու պետությունների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ՝ երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում։
Այն նաև իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով Կողմերի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկը, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար հիմքերի առկայության ապացույց հանդիսացող փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու կարգը, հարցազրույցների անցկացման կարգը, անձի ռեադմիսիայի մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր։
ՀՀ կառավարությունը համաձայնագիրը նախ կցուցադրի սահմանադրական դատարանին՝ ստուգելու համար, արդյոք այն համապատասխանում է Սահմանադրությանը, այնուհետև այն կներկայացվի Ազգային ժողովին։
