
2024 թվականին գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են
Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ 2024 թվականին Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.1%-ով կամ 434 դեպքով՝ կազմելով 40,232 դեպք (2023 թվականին՝ 40,666):
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում գրանցված դեպքերի գերակշիռ մասը՝ 81.4%-ը, կազմել են ոչ մեծ (51.0%) և միջին ծանրության (30.4%) հանցագործությունները։ Նախարարությունից նշում են, որ այս արդյունքը պայմանավորված է ինչպես ինստիտուցիոնալ և երկարաժամկետ լուծումներով, այնպես էլ պրոֆիլակտիկ և ուժեղացված ծառայությունների վրա կենտրոնացմամբ։ Մասնավորապես, մեթոդաբանական փոփոխություններ են իրականացվել առանձին հանցատեսակների, օրինակ՝ գողությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ։
Ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ 2024 թվականին հայտնաբերվել և կամավոր հանձնվել է 1579 հրազեն։ Այնուամենայնիվ, զենքի գործադրմամբ կատարվող հանցագործությունները շարունակում են մնալ մտահոգիչ։