Բողոքի ակցիա ԵՄ պատվիրակության շենքի առաջ
Դեկտեմբերի 5-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի առջև բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի։ Ակցիան կազմակերպել են նրանց կողմնակիցները։
Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, նամակ է փոխանցել ԵՄ դեսպանատուն՝ նշելով, որ քիչ հավանական է, որ նրանց կողմից արձագանք կլինի։
Եվրոպական կառույցների լռությամբ և հովանավորչությամբ Հայաստանում այսօր տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, ընդդիմադիր գործիչներին լռեցնում են։ Նամակը զուտ պատմության համար է, որ ֆիքսվի, թե ինչ է կատարվել ու ինչպիսի լռությամբ են դա հանդուրժել։ Մենք ասում ենք, որ ԵՄ-ն պայքարում է մարդու իրավունքների և խոսքի ազատության համար. այդ դեպքում չե՞ն տեսնում, ինչ է կատարվում Հայաստանում, – ասաց նա։
Նշենք, որ Լուսինե Առաքելյանը հրապարակավ դիմել էր ԵՄ դեսպանին՝ նրան մեղադրելով լռության համար և նշելով, որ այդ լռությունը «օրվա իշխանություններին աջակցելու գործիք է դարձել»։
Նամակում ներկայացված է, թե ինչ գործողություններ են իրականացվել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են նրանց տներ և ձերբակալել են նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում իրականացվել են խուզարկություններ, և առգրավվել է ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է հարուցվել՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածով և ավելի ուշ կալանավորվել են։
