2026 թվականից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկներից կպահանջվի պարտադիր ապահովագրություն
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ։
Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ ապահովագրական փաստաթուղթը կարող է ներկայացվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով և պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրված լինել ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30 000 լարի ապահովագրական սահմանաչափով։
Փաստաթուղթը պետք է պարունակի ապահովագրական պայմանագրի կողմերի տվյալները, ծածկույթի տարածքը, ապահովագրության առարկան, ապահովագրության գործողության սկիզբն ու ավարտը, ապահովագրված ռիսկերը, ապահովագրական գումարի սահմանաչափը, ինչպես նաև ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։ Նշվում է, որ ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում։
Միևնույն ժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ պարտադիր ապահովագրություն ներկայացնելու պահանջից ազատված են մի շարք անձինք։ Դրանց թվում են Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցողները, դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների հավատարմագրված աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները։
Պարտադիր ապահովագրություն ներկայացնելու պահանջը չի տարածվում նաև այն անձանց վրա, որոնց մուտքը Վրաստան նախատեսված է միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով, ինչպես նաև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդների վրա։
