ՀայաստանՍոցիալական

Անձրևից հետո առաջացած մեղեդին․ կոնսերվատորիայում ուսում ստանալը դժվարացել է

Հորդառատ անձրևների պատճառով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսում ստանալը դժվարացել է։

Կոնսերվատորիայի 4-րդ հարկի դասասենյակները չեն օգտագործվում․ պատերն ու հատակները խոնավ են։ Հորդառատ անձրևը վնասել է երաժշտական գործիքները։ Սեպտեմբերի 16-18-ը ուսանողները շարունակել են դասերը ռեկտորի և պրոռեկտորի սենյակներում, նաև ֆոյեներում և միջանցքներում։

Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2022 թվականից։ Հիմնանորոգումը ընթանում է մի քանի փուլով։ Պայմանավորվածության համաձայն՝ առաջին մասնաշենքը ամբողջությամբ ազատվել է։ Երկրորդ և երրորդ մասնաշենքերի տանիքները պետք է պատրաստ լինեին սեպտեմբերի 1-ին։ Համաձայնությունը խախտվել է։

Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը նշում է, որ երաժշտական գործիքները ժամանակի ընթացքում շարքից դուրս են գալու։

Պոլիէթիլենային տոպրակներով գործիքները ծածկելը իրավիճակի լուծում չէ։ ՍՊԸ-ն իրականացնելու է միայն կոսմետիկ վերանորոգում։ Երաժշտական գործիքների համար չի նախատեսվում փոխհատուցում։ Սեպտեմբերի 28-ին խոստացել են ավարտել տանիքների շինարարությունը։

Մրցույթում շինարարական աշխատանքներ իրականացնելու իրավունքը շահել է «Բիդեք» ընկերությունը։ Գնումների մասնագետ Հասմիկ Սաֆարյանը նշեց, որ համաձայնագրով պայմանավորված, շինարարության բոլոր ժամկետները պահպանվում են։ Սեպտեմբերի 28-ին տանիքների շինարարության ավարտի մասին տեղեկություններ չկան։

Քաղաքաշինության կոմիտեի և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև 2020 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված պայմանագիրը կազմում է 2 մլրդ 671 մլն դրամ։ Աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել 2026 թվականին։