Կանայք արտոնություններ կստանան պարեկային ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ այսուհետ պարեկային ծառայությունում թափուր հաստիքների համար նախատեսված 30 տոկոսանոց քվոտան կանանց համար պետք է պարտադիր լրացվի, առանց որևէ զիջման։

Այս մասին նախարարը հայտնել է ապրիլի 16-ին Ազգային ժողովում՝ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկումների ժամանակ՝ պատասխանելով կանանց ներգրավվածության մասին հարցին:

Նախարարը տեղեկացրել է, որ իրականացված երկու նպատակային ընդունելությունների արդյունքում այսօր Հայաստանի բոլոր մարզերում առնվազն մեկ կին պարեկ ծառայություն է իրականացնում։ Վերջին ընդունելության արդյունքում լրացվել է նաև Վայոց ձորի մարզում առկա թափուր պաշտոնը։

Սարգսյանը նշել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է չեղարկել կանանց՝ պարեկային ծառայության մեջ ընդունվելու համար սահմանված 35 տարվա վերին տարիքային շեմը։

Օրենսդրական փոփոխությունն ակնկալվում է ընդունել մինչև Ազգային ժողովի ամառային արձակուրդները։ Նոր ընդունելությունը նախատեսվում է այս աշնանը։ Դիմելու նվազագույն տարիքային շեմը կմնա 18 տարին։