ՀայաստանՍոցիալական

Ծխախոտի տուփերի վրա նախազգուշացնող պատկերներ չտպելու տուգանքը կխստացվի

Ծխախոտային արտադրանքի տուփերի վրա նախազգուշացնող գրաֆիկական պատկերներ չտպելու համար սահմանված տուգանքը կբարձրանա։ Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենսդրական փոփոխության նախագիծը։ Նախագծով առաջարկվում է 400 հազար դրամ ֆիքսված տուգանքի փոխարեն սահմանել տուգանք՝ խախտողի նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով։ Նախարարի խոսքով՝ սա խթան կլինի տնտեսվարողներին վերադառնալ օրինական դաշտ։

2024 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նոր կանոնակարգով սահմանվել է, որ ծխախոտի տուփերի վրա պարտադիր պետք է լինեն ծխելու վնասների մասին զգուշացնող պատկերներ։ Սակայն, ըստ նախարարի, մի շարք ընկերություններ հրաժարվել են հետևել այս պահանջին՝ նախընտրելով վճարել 400 հազար դրամ տուգանքն ու շարունակել առանց համապատասխան պատկերների արտադրությունը։

Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել՝ առավելություն են ստացել այն ընկերությունները, որոնք չեն կատարել օրենքի պահանջը, իսկ մյուսները կորցրել են վաճառքի ծավալները։ Նա առաջարկեց նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել 24 ժամվա ընթացքում՝ օրենքի շուտափույթ ընդունումն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 15-ից արգելվել է ծխախոտի օգտագործումը փակ և կիսափակ հանրային վայրերում։ Բացի այդ՝ խանութներում արգելվում է ծխախոտային արտադրանքի բաց ցուցադրումը։ Դրանք պահվում են փակ պատուհաններում