
Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար։ Նույն որոշմամբ նա ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2024 թվականի փետրվարից։
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ապրիլի 30-ին ներկայացրել էր ազատման դիմում։ Մայիսի 6-ին հայտնի դարձավ նրա կալանավորման մասին։ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով գույք հափշտակելու հոդվածով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ գործը վերաբերում է պետական բենզինի կտրոնների և պարգևավճարների հետ կապված հնարավոր չարաշահումներին։
Նորանշանակ ղեկավար Տիգրան Պետրոսյանը վերջին տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ առողջապահական և վերահսկողական ոլորտներում։ Նրա նշանակումը տեղի է ունեցել ՍԱՏՄ կառավարման խորհրդի նիստից հետո, որի ժամանակ քննարկվել է նաև կառույցի գործունեության ապագա ուղղությունները։