
Ի՞նչ է սպասվում Միքայել Աջապահյանին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունը ավարտվել է։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ քրեական վարույթը՝ իշխանությունը զավթելուն ու սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։ Եթե դատախազը հաստատի մեղադրանքը, գործը կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության համար։
Սա նշանակում է, որ առաջիկայում Աջապահյանը կարող է կանգնել դատարանի առջև՝ պետական կարգի դեմ ուղղված կոչերի համար պատասխանատվություն կրելու հարցով։
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Աջապահյանը մամուլի հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե նախկին նախագահներին առաջարկել է բանակի, ոստիկանության ու ԱԱԾ-ի մեջ եղած գաղափարակից գեներալների միջոցով իրականացնել ռազմական հեղաշրջում։
Քննչական մարմնի գնահատմամբ՝ այս հայտարարությունները հստակ կոչ են եղել սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը զավթելու համար։ Աջապահյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրան արդեն իսկ կալանավորել են երկու ամսով։ Բացի այդ, դատարանը սահմանափակել է նրա շփումները։