ՀայաստանՍպորտ

Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը ավարտվել է 6:1 հաշվով

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի ընտրանու նկատմամբ Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը: Թբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 6:1 հաշվով՝ հօգուտ Վրաստանի:

Հանդիպման մեկնարկից ընդամենը 4-րդ րոպեին Վարազդատ Հարոյանի ինքնագոլի արդյունքում Վրաստանը բացեց խաղի հաշիվը: Դրանից հետո վրացիները շարունակեցին ճնշումը և 20 րոպեների ընթացքում ևս երկու անգամ գրավեցին Հայաստանի ընտրանու դարպասը. գոլերի հեղինակ դարձան Գիորգի Միկաուտաձեն և Գիորգի Չակվետաձեն: 26-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին խփեց վրացիների չորրորդ գոլը, իսկ 35-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Միկաուտաձեն՝ հաշիվը դարձնելով 5:0:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի ընտրանին կարողացավ պատասխանել մեկ գոլով, որը խփեց Էդգար Սևիկյանը: 62-րդ րոպեին Խվիչա Կվարացխելիան խփեց վրացիների վեցերորդ գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 6:1:

Այս հաղթանակի շնորհիվ Վրաստանի ընտրանին Ազգերի լիգայի հաջորդ մրցափուլում հանդես կգա B ենթախմբում, իսկ Հայաստանի ազգային թիմը կմնա C խմբում: