
Երեք աղջիկ՝ երեք մեդալ․ Հայաստանի մարզուհիները փայլեցին հրաձգության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդների հրաձգության առաջնությունում Հայաստանի երիտասարդ մարզուհիները գրանցել են բացառիկ հաջողություն՝ նվաճելով բոլոր երեք մեդալները՝ ոսկե, արծաթե և բրոնզե։
Աիդա Ազատյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ «Վազող թիրախ նորմալ վազք» վարժության ընթացքում նա անցավ թե՛ որակավորման փուլը, թե՛ կիսաեզրափակիչը, իսկ եզրափակչում 7:5 հաշվով հաղթեց մրցակցին՝ բարձրացնելով Հայաստանի դրոշը պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։
Նրա կողքին կանգնեց թիմակիցը՝ Լիլիթ Մկրտչյանը, որը այս մրցաշաում նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականում։ Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ։ Բրոնզե մեդալը Հայաստանի հավաքականին պարգևեց Արուսյակ Գրիգորյանը։ Նա որակավորման փուլում ցույց տվեց լավ արդյունք՝ խոցելով 559 միավոր։ Բրոնզե մեդալի համար պայքարում էլ 8:6 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի մարզուհուն՝ ապահովելով Հայաստանի համար երրորդ մեդալը։
Այս տպավորիչ արդյունքով Հայաստանի երիտասարդ հրաձգուհիները ոչ միայն գերազանցեցին անձնական ցուցանիշները, այլ նաև արձանագրեցին Հայաստանի համար պատմական հաղթանակ՝ մեկ մրցաշարում երեք տարբեր մարզուհիների կողմից նվաճած երեք մեդալով։
Ի դեպ, սա դեռ ամենը չէ։ Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հրաձիգների տղամարդկանց եռյակը՝ Գոռ Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան և Հայկ Մինասյան, նույնպես դարձել էր չեմպիոն։