ՀայաստանՍպորտ

Ալեքս Մարգարյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիր

Հայաստանի պատանի ըմբիշ Ալեքս Մարգարյանը (63 կգ) արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Եզրափակիչում նա ուժերը փորձել է Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի մեծահասակների չեմպիոն Այթժան Համլախանովի հետ և պարտվել 2:12 հաշվով։

Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտում է չորս մեդալով։

Եզրափակիչ հասնելու համար Մարգարյանը վստահ հաղթանակներ է տարել տարբեր երկրների մրցակիցների նկատմամբ․ նա հաղթել է չինացի Հաո Յանգին (5:0 + տուշե), ամերիկացի Լենդոն Դրուրիին (8:0), իրանցի Մոհամմադ Աբութալեբիին (9:5), ինչպես նաև բուլղարացի Քրիստիան Միլենկովին (9:0)։

Հայաստանի հավաքականից այսօր բրոնզե մեդալի համար պայքարել և նվաճել է նաև նաև Էրիկ Տեր-Մաթևոսյանը (87 կգ)։

Նշենք, որ օգոստոսի 17-24-ը Սամոկովում անցկացվող այս առաջնությունում Հայաստանը արդեն մի քանի մեդալ ունի․ 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) նվաճել է փոխչեմպիոնի տիտղոս։