ՀայաստանՍպորտ

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը վերավաճառվում են շուրջ 50,000 դրամով

Չնայած այն բանին, որ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրեց մեզ, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսը վերավաճառած 5 անձի ձերբակալել են, այնուամենայնիվ վերավաճառքը շարունակվում է արդեն Իռլանդիայի դեմ տնային երկրորդ խաղի համար։ Տոմսերի վերավաճառքի՝ Vigogo կայքում տեղադրված են հանդիպման վերավաճառվող տոմսերի արժեքները։

Այս պահին վաճառվող ամենաթանկ տոմսը արևմտյան տրիբունայում է, որն արժե 48,805 դրամ։ Ամենաէժան տոմսը վաճառվում է արևելյան տրիբունայում՝ 41,751 դրամ։ Հետաքրքիրն այն է, որ հանդիպման տոմսերի արժեքը եղել է արևմտյան տրիբունայում՝ մինչև 5-16 հազար դրամով։ Արևելյան տրիբունայում տոմսերն արժեցել են 5-10 հազար դրամ, իսկ հյուսիսային ու հարավային տրիբունաներում՝ 1000-3000 դրամ։ Վերավաճառողները շուրջ 5-10 անգամ թանկ են վաճառում տոմսերը։ Այս պահին վաճառքի դրված է 8 տոմս։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոմսերի վաճառքի մեկնարկի մասին հայտարարել էր օգոստոսի 21-ին։ Սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման խաղում Հայաստանի հավաքականը 0։5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի թիմին։