ՀայաստանՍպորտ

Մերոնք՝ դրսում․ Հենրիխ Մխիթարյանը գոլով աչքի ընկավ, մյուսները արդյունավետ չէին

Հայ ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս արտերկրում, արդյունավետ շաբաթ չանցկացրին։ Նախորդ շաբաթվա ընթացքում գոլով աչքի ընկավ միայն Հենրիխ Մխիթարյանը։ 

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիզիրը շվեդական «Բրոմապոյկարնայի» կազմում 2 խաղի մասնակցեց։ Հայ ֆուտբոլիստը երկու խաղերում էլ մեկնարկային կազմում էր ու խաղաց մինչև վերջ։ Նա օգնեց իր թիմին միավոր վաստակել «Նոռչյոպինգի» դեմ խաղում (1։1)։ «Կալմարի» դեմ իր թիմը պարտվեց (1։2)։ Երկու խաղերում Կալիզիրը, ըստ Sofascore-ի, ստացավ 7․0 գնահատականը։

Էդգար Սևիկյանը մասնակցեց ռուսական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը՝ «Զենիթի» դեմ (1։1)։ Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 68-րդ րոպեին։ Նա ստացավ 7․2 գնահատական։ Նաիր Թիկնիզյանը ևս «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում էր։ Նա ամբողջական խաղ անցկացրեց ու ստացավ 7․1 գնահատական։

Գեորգի Հարությունյանը մասնակցեց Ռուսաստանի գավաթի խաղարկության «Պարի ՆՆ»-ի դեմ խաղին։ Երիտասարդ պաշտպանը հայտնվել էր թիմի մեկնարկային կազմում ու ամբողջական հանդիպում անցկացրեց։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ևս մասնակցեց այդ հանդիպմանը՝ փոխարինման մտնելով 65-րդ րոպեին։

Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցեց ներքին առաջնության՝ «Ախմատի» դեմ խաղին (2:3)։ Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 57-րդ րոպեին։ Նա ստացավ 6․8 գնահատական։

Լուկաս Սելարայանը Սաուդյան Պրո լիգայի հերթական տուրում «Ալ-Ֆաթեհի» մեկնարկային կազմում էր։ Կիսապաշտպանը ամբողջական հանդիպում անցկացրեց, բայց չկարողացավ արդյունավետությամբ աչքի ընկնել։ Իր թիմը պարտվեց «Ալ-Ռաեդին» 2։1 հաշվով։ Սելարայանը ստացավ 7․5 գնահատական։

Սարգիս Ադամյանը գերմանական Բունդեսլիգայում մասնակցեց «Պադերբորնի» դեմ հանդիպմանը (1:2)։ Նա փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ, բայց արդյունավետ գործողությամբ աչքի չընկավ։ 

Ազգային ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը, ով նաև «Քինգդաուի» ավագն է, մասնակցեց Չինաստանի առաջնության «Չենգդուի» դեմ հանդիպմանը։ Նա ամբողջական մրցավեճ անցկացրեց ու ստացավ 6․4 գնահատական։

Լեհաստանում հանդես եկող Վահան Բիչախչյանը «Պոգոնի» մեկնարկային կազմում էր «Պուշչայի» դեմ ու փոխարինվեց 56-րդ րոպեին։ Նա ստացավ 6․7 գնահատական։

«Ռուբինում» հանդես եկող Ուգոչուկվու Իվուն ամբողջական մրցավեճ անցկացրեց։ «Օրենբուրգի» դեմ խաղում Իվուն ստացավ 6․7 գնահատական։

«Սլովանի» կազմում Տիգրան Բարսեղյանը մասնակցեց Չեմպիոնների լիգայի հանդիպման։ «Սլովանը» 0։2 հաշվով պարտվեց իսպանական «Ժիրոնային»։ Բարսեղյանը ամբողջական հանդիպում անցկացրեց ու ստացավ 7․0 գնահատական։

Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի շրջանակում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հայ ֆուտբոլիստը գոլով աչքի ընկավ խաղի 35-րդ րոպեին։ «Ինտերը» գոլառատ ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» դեմ՝ 4։4 հաշվով։