
Նոր խաբեություն է տարածվել Facebook սոցիալական ցանցում
Մեդիափորձագետները արձանագրում են, որ նոր խաբեություն է տարածվել Facebook-ում։ Տարբեր խանութների ցանցերի կեղծ էջեր են բացվել, որոնք խոստանում են որոշակի հանձնարարություններ կատարած քաղաքացիներին նվիրել տարբեր տեխնիկաներ՝ սառնարան, լվացքի մեքենա և այլն։ Օգտատերերից միայն պահանջվում է հայտարարության մեկնաբանությունների դաշտում գրել «կատարված է» արտահայտությունը։
Հայտարարությունը ավելի համոզիչ դարձնելու նպատակով կազմակերպիչները նշում են, որ ապրանքները փոքր քերծվածքներ ունեն, դրա համար չեն կարող վաճառվել։ Սակայն եթե ուշադիր լինենք նկարին, կտեսնենք, որ այնտեղ պատկերված են չինացիներ, պալմաներ և այլ մանր դետալներ, որոնք Հայաստանի հետ կապ չունեն։
Շարունակվում է նաև Whatsapp հավելվածում զեղծարարների գործողությունները։ Տարբեր համարներից հաղորդագրություններ են ուղարկվում օգտատերերին և 12 ժամ տալիս ինքնությունը հաստատելու համար։ Հաղոդրդագրության մեջ նշվում է, որ անսովոր գործունեությունների պատճառով է նման խնդիրներ առաջացել և ինքնությունը չհաստատելու դեպքում հաշիվները անմիջապես կջնջվեն։
Մեդիափորձագետները զգուշացրել են քաղաքացիներին չբացել նամակները, չսեղմել տարօրինակ հղումների վրա և միշտ հիշել, որ «ձրի պանիրը միայն թակարդում է լինում»։