
Մարած պարտքեր, 30 տոկոսով աճ․ ԲՏԱ նախարարն ամփոփել է 2024 թվականը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփել է 2024 թվականի կատարած աշխատանքները։ Նա անդրադարձել է պաշտպանական նոր տեխնոլոգիաների, իսպանական ընկերության՝ հայկական արբանյակի գնահատականի, ռազմարդյունաբերական գործարանների պարտքերի թեմաներին։
2024 թվականին 2023–ի համեմատ Հայաստանի պետական ծախսերը պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների և գիտահետազոտական աշխատանքների մասով 1,1 մլրդից հասել են մինչև 1,45 մլրդ դրամ։
Անդրադառնալով «Արմսաթ-1» արբանյակի աշխատանքին՝ Հայրապետյանը նշեց, որ արբանյակից ստացված արդյունքները չպետք է վերաբերեն որևէ մեկին, բացի դրա պատվիրատուից՝ Հայաստանի կառավարությունից։ Նախարարը դժգոհություն հայտնեց, որ արբանյակի մշակողը ՝ իսպանական Satlantis ընկերությունը, հայկական լրատվամիջոցներում սկսել է հանդես գալ արբանյակի աշխատանքի գնահատականներով։
Նախարարը ասուլիսում նշեց, որ 2024 թվականին երկար դադարից հետո առաջին անգամ Հայաստանի խոշոր ռազմարդյունաբերական գործարանները մարել են կուտակված պարտքերը և շահույթ գրանցել։ Բազմաթիվ գործարանների աշխատակիցներ ստացել են ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը։