
Իլոն Մասկին կրկին չի հաջողվում գնել OpenAI-ը, որի հիմնադիրներից մեկն է եղել
OpenAI-ն մերժել է միլիարդատեր Իլոն Մասկի` 97.4 միլիարդ դոլար արժողությամբ գնման առաջարկը՝ հայտարարելով, որ ընկերությունը վաճառքի ենթակա չէ։ Սրա մասին հայտնել է The Guardian-ը՝ հավելելով, որ ընկերության խորհուրդը միաձայն մերժել է Մասկի վերջին փորձը։
OpenAI-ի ցանկացած հնարավոր վերակազմավորում կամրապնդի մեր ոչ առևտրային ուղղվածությունն ու մեր առաքելությունը՝ ապահովելու, որ AGI-ն ծառայի ամբողջ մարդկությանը, – OpenAI-ն նշել է X-ում՝ հղում անելով խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորին։
Իլոն Մասկը OpenAI-ի համահիմնադիրներից մեկն է։ Մասկը ընկերությունը հիմնել է Սեմ Ալթմանի հետ։ Վերջինս երեքշաբթի օրը կրկին մերժել էր Մասկի առաջարկը՝ X-ում գրելով «ոչ, շնորհակալություն»։ Մասկը պատասխանել էր՝ անվանելով նրան «խարդախ»։
Մասկի թիմի ներդրողների շարքում են նաև Valor Equity Partners-ը, Baron Capital-ը և հոլիվուդյան ազդեցիկ գործարար Արի Էմանուելը։ Ալթմանն ու Մասկն արդեն տարիներ շարունակ հակամարտության մեջ են։ 2019-ին Մասկի հեռանալուց հետո OpenAI-ն ստեղծել է առևտրային ստորաբաժանում։ Այն ստացել է միլիարդավոր դոլարների ներդրումներ։ Այս քայլը Մասկի քննադատությանն է արժանացել, քանի որ, նրա խոսքով, ընկերությունը դավաճանել է իր սկզբնական առաքելությանը՝ գերադասելով շահույթը հանրային շահից։
Անցած տարվա օգոստոսին Մասկը հայց է ներկայացրել Ալթմանի, OpenAI-ի և նրա խոշորագույն ներդրող Microsoft-ի դեմ՝ մեղադրելով պայմանագրի խախտման մեջ։ Նոյեմբերին Մասկը դիմել է ԱՄՆ դատարան՝ պահանջելով արգելել OpenAI-ին անցում կատարել առևտրային կառուցվածքի։