ԱշխարհՀայաստան

Ստորագրվեց Հայաստան-Դանիա փոխըմբռնման հուշագիրը․ ինչո՞ւ Դանիա

Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենի հանդիպման արդյունքում ստորագրվեց երկու գերատեսչությունների միջև փոխըմբռնման հուշագիր։ Զրուցակիցները պայմանավորվեցին խորացնել գործընկերությունը քաղաքական երկխոսության, տնտեսական և նորարարական ոլորտներում։

Չնայած Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականից, հարց է առաջանում՝ ինչու՞ է երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված այսքան հանգամանալից փաստաթուղթը և գործնական քննարկումները հասունացել հենց այս պահին, այլ ոչ ավելի վաղ՝ հաշվի առնելով ավելի քան երեք տասնամյակի պատմությունը։

Հանդիպման առանցքը Հայաստանի կողմից Եվրոպական Միության չափանիշներին աստիճանական մոտարկման հանձնառությունն էր, ինչն ընդգծվել է հուշագրում և հղում կատարվել Դանիայի «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» ծրագրին։ Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումը՝ հաշվի առնելով ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը։ Այս քայլերը լրացուցիչ իմաստ են ստանում այն համատեքստում, որ հուշագիրն ազդարարում է Հայաստանի ինքնիշխանության ու դիմադրողականության ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչը վերլուծաբանները դիտարկում են որպես Երևանի ռազմավարական տեղաշարժ՝ դեպի Արևմուտք ուղղված կապերի ամրապնդում։

Տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի փոխանակումը ներառել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության և կապուղիների ապաշրջափակման հնարավորությունները։ Հուշագիրը, որը նաև նախատեսում է համագործակցություն կանաչ անցման, վերականգնվող էներգիայի աղբյուրների և այլ ոլորտներում, ապահովում է ոչ թե երկկողմ հարաբերությունների մեկնարկ, այլ դրանց որակական նոր մակարդակի անցում։