
Հայկական առաջին արբանյակի վերաբերյալ քրեական վարույթ է արձանագրվել
2022 թվականի մայիսի 25-ին տիեզերք բարձրացավ հայկական առաջին արբանյակը՝ Armsat 1-ը։ Գլխավոր դատախազությունը հաստատել է, որ այդ արբանյակի վերաբերյալ քրեական վարույթ է արձանագրվել։
Դատախազությունը չի հայտնել մանրամասներ գործի վերաբերյալ։ Տևական ժամանակ խոսվում էր արբանյակի համար ծախսված գումարի մասին։ 2022 թվականի ապրիլին կառավարությունը մոտ 7 միլիոն դոլար էր հատկացրել իսպանական «Սատլանտիսի» հետ պայմանագիր կնքած հայկական «Գեոկոսմոսին»։
Ըստ «Սատլանտիսի» գլխավոր գործադիր տնօրենի՝ այն գումարները, որոնք տրամադրվել են, նպատակային չեն օգտագործվել։ ԲՏԱ փոխնախարարը ի պատասխան գործադիր տնօրենի՝ նշել է, որ «իրենք իրենց պարտավորությունները չեն կատարել, որովհետև իրենք պետք է մեզ ուսուցանեին, և մենք կարողանայինք վերլուծել: Մենք պատկերները ստացել ենք, պատկերների վերլուծումը մեր նախարարության ու «Գեոկոսմոսի» ներքին գործընթացների մասին են հուշում ու իսպանական գործընկերները պարզապես մեր գործընթացներին ներքին հասանելիություն չունեն, հետևաբար այդ ձևակերպման վերաբերյալ ես մի քիչ վերապահում կունենայի»։
Armsat 1-ը տիեզերքում 4 տարի պետք է մնա։ Այս պահին, ըստ իսպանացի մասնագետի, այն 450 կմ բարձրության վրա է և իր գոյութան վերջին փուլում։