ԿրթությունՀայաստան

Դպրոցներում դասասենյակները պիտի ձևավորվեն միայն Կառավարության ստանդարտներով

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է Զինված ուժերում այս պահին ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի միայն Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան։

Նման որոշման մասին տեղյակ չեն եղել ո՛չ Պաշտպանության նախարարը, ո՛չ Գլխավոր շտաբի պետը, ո՛չ ԿԳՄՍ նախարարը, ո՛չ ՏԿԵ նախարարը։ Փաշինյանը ԿԳՄՍ-ին հանձնարարել է չեղյալ համարել այդ որոշումը։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ անվանակոչումը պահանջել է գյուղի բնակչությունը։

Խոսելով դպրոցներում ստանդարտների մասին՝ կարևոր է նշել նաև այն, որ դպրոցներում պարտադիր է բյուջեն տեսանելի մասում փակցնել, ինչը, գրեթե, բոլոր դպրոցներում հասանելի չէ։ Դպրոցի տնօրենները սա բացատրում են, որ բյուջեն դպրոցի ներքին խոհանոցի հարց է, դրա հասանելի լինելը հավելյալ հարցեր տալու առիթ կհանդիսանա։ Նաև նշում են, որ բյուջեն հասանելի է դպրոցի կայքէջում, ավելորդ է պատերին փակցնելը:

Իրականում, բյուջեի հասանելի լինելը նաև դպրոցի պատերին կարող է դրական ազդեցություն ունենալ առհասարակ դպրոցի կառավարման թափանցիկության, հաշվետվողականության տեսանկյունից, ինչպես նաև կարող է դաստիարակչական, կանխարգելիչ ազդեցություն ունենալ աշակերտների վրա՝ դպրոցական գույքը չվնասելու առումով, քանի որ նրանք տեղյակ կլինեն, թե այս կամ այն գույքի համար որքան գումար է ծախսվել բյուջեից: