ԱրցախՍոցիալական

Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ դիմումը

Նոյեմբերին Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը՝ կապված արցախցիների կուտակային կենսաթոշակների հետ, մերժվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Մերժման հիմնական պատճառը, ինչպես նշված է Սահմանադրական դատարանի որոշման մեջ, իրավաբանորեն փաստարկված չլինելն է։

Դիմումի մեջ վիճարկվում էր այն դրույթը, որը փոփոխվել է Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին։ Ըստ այդ օրենքի՝ արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու Հայաստանի կուտակային համակարգ է տեղափոխվել։ Ի՞նչ է սա նշանակում։

Արցախի բնակիչները, ովքեր աշխատել են այնտեղ, իրենց աշխավարձերից գումար է կուտակվել կենսաթոշակային համակարգում՝ հետագայում նրանց կարիքները հոգալու համար։ Պատգամավորները դիմումի մեջ նշել են, որ օրենքը խախտում է սեփականությունը իրենց հայեցողությամբ տնօրինելու արցախցիների իրավունքը։

Նրանք նշել են, որ օրենքով պետք է հնարավորություն տրվեր Արցախի այն բնակիչներին, որոնք Հայաստանում ստացել են կացության իրավունք և աշխատանքային պայմանագրի հիման վրա անցել են աշխատանքի, իրենց դիմումի հիման վրա Արցախից իրենց փայերը փոխանցեն այլ ֆոնդ։