ՀայաստանՏնտեսություն

«Սև ուրբաթին» Հայաստանում ավելի քան 11 միլիարդ դրամի գնումներ են եղել

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանում «Սև ուրբաթ» էր։ Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի կատարված գնումները զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշներին։

«Սև ուրբաթի» օրերին Հայաստանում 11 մլրդ 26 միլիոն դրամի առևտուր է իրականացվել հսկիչ-դրամարկղային մեքենաներով (ՀԴՄ)։ Այդ ընթացքում 2,034,651 կտրոն է տպվել։ 2023 թվականի համեմատ՝ առևտրի գումարն աճել է 4,7%-ով, կտրոնների թիվը՝ 11 տոկոսով։ 2022 թվականի համեմատ՝ առևտրի գումարն աճել է 19,8%-ով, իսկ կտրոնները՝ 19,5%-ով։

Աշխարհում «Սև ուրբաթի» գնորդները ծախսել են ռեկորդային 10.8 միլիարդ դոլար՝ հիմնականում առցանց գնումների վրա։ Այդ ցուցանիշը 10%-ով ավելի է, քան անցյալ տարի և կրկնակի գերազանցում է 2017-ի ցուցանիշը, հաղորդում է NPR-ը: «Սև ուրբաթի» գնումների 69%-ը կատարվել է բջջային սարքերով, ինչը 1%-ով ավելի է անցյալ տարվա համեմատ: Հայաստանում ևս առցանց գնումներ եղել են, որոնց մասին հրապարակված տվյալներ չկան։

Վերլուծաբանները կարծում են, որ սպառողները ավելի շատ պատրաստ են այցելել խանութներ, որոնք առաջարկում են մեծ զեղչեր. ավելի շատ այցելուներ են նկատվել այն վայրերում, որտեղ գները իջեցվել են առնվազն 40%-ով: