ՀայաստանՔաղաքականություն

Ամբակում Գրիգորյանն ազատվել է ՔԿԾ ղեկավարի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանը ազատվել է պաշտոնից։

Որոշման մեջ նշվում է, որ ղեկավարվել են «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով։

Դեռ այս տարվա հոկտեմբերին լուրեր կային, որ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նրա նշանակմանն ի սկզբանե դեմ է եղել ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ բացահայտ հայտնելով իր դժգոհությունը Գրիգորյանին այդ պաշտոնում նշանակելու որոշումից։ Սրա մասին Քոչարյանը հայտարարել է անգամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին։

Գրիգորյանը 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Քրեակատարողական ծառայությունում նա աշխատանքի է անցել 2021 թվականին՝ զբաղեցնելով քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Նա պետի պաշտոնին նշանակվել էր 2023 թվականին՝ վարչապետի որոշմամբ։